ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին
31.08.2025 | 10:57

Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։

Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնեց, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։

Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական նկատեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորեց համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։

Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթեց տիար Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ Նորին Սրբությունն ազգօգուտ ու արդյունավոր առաքելություն ցանկացավ շարժման ներկայացուցիչներին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3579

Մեկնաբանություններ